10 July 2012

Ախ այդ արտագաղթը...

|

Ինչու՞ են մարդիկ լքում իրենց հայրենիքը

Ժամանակն է երևի մտածել մի մեծ  խնդրի մասին, որը կոչվում է արտագաղթ: Խոսել, թե հայրենասիրության պակաս է, ինձ թվում է անիմաստ է: Ես ինքս մեծ հայրենասեր եմ, բայց ցավով պետք է նշեմ, որ ինքս էլ հաճախ պայծառ ապագաս կամա թե ակամա կապում եմ արտասահմանի հետ: Եվ ինչու՞. սա է հարցը: Հետաքրքրական է, որ շատերը, ովքեր լքել են ՀՀ-ն չեն ուզում վերադառնալ, իսկ ովքեր էլ դեռ այստեղ են, հարմար առիթ են փնտրում գնալու համար: Սա այն ամենամեծ արհավիրքն է, որը մեծ արագությամբ կլանում է մեր ազգը, մինչ մենք թմբիրի մեջ ենք: Ունենք մարտունակ և հզոր բանակ, որը գիշերուզօր պաշտպանում է մեր երկրի անդօրրը, որը օրեցօր դառնում է երկիր՝ առանց ժողովրդի: Սոցիալական խնդիրների համար արժե՞ լքել հայրենիքը: -Միանգամայն ո՛չ,- կասենք բոլորս: Սակայն պետք է գիտակցել, որ յուրաքանչյուրիս հայրենիքը առաջին հերթին սկսվում է մեր ընտանիքից, մեր ծնողներից, մեր զավակներից: Եվ չես կարող մեղադրել այն մարդուն, ով ընտանիքի հացը վաստակելու համար բռնել է պանդխտության ճանապարհը: Պետք է հասկանանք, որ հայրենիքը առաջին հերթին սկսվում է ժողովրդից: Շրջապատված լինելով թշնամի ազգերով՝ առավել պետք է ամրապնդենք մեր անկախության և ապրելու իրավունքը, սակայն մենք դատարկում ենք մեր երկիրը: Մեղադրել հասարակ ժողովրդին անկարելի է, քանզի ժողովուրդը հայրենիք կերտողն է, սակայն նրան պետք է ճիշտ ուղղորդեն: Ես սա չեմ տեսնում: Կամ արդյոք ակամա չենք հիասթափվում այս կյանքից, երբ տեսնում ենք, որ գումարը տալիս է ի ծնե չունեցած տաղանդ, մինչ տաղանդավորը այդպես էլ մնում է թաքնված: Միթե չենք հիասթափվում, երբ ոմանք  խույս են տալիս հայրենիքին ծառայելու սուրբ պատվից,  իսկ մնացյալին ձեռք առնում, ովքեր դիրքերում սահման են պահում:

Ինքնախաբեություն, ուրիշ ոչինչ

Հետո արդյո՞ք ճիշտ է, երբ մարդիկ իրենց երեխաներին գումարով ԲՈՒՀ են ավարտեցնում (խոսքը շատերի, բայց ոչ բոլորի մասին է): Երևի թե միակ երկիրը ՀՀ-ն է, որտեղ գումար են տալիս ուսում չստանալու համար: Եվ ու՞մ են պետք այն ԲՈՒՀ-երը, որոնք ապագա գործազուրկներ են պատրաստում կամ այն դպրոցները, որոնք ավագ դպրոց զուտ անունով են դպրոց մնում: Ինձ թվում է այս և նմանատիպ պատճառներն են առիթ հանդիսանում արտագաղթի համար:
ԻնչևԷ, եկեք հավատանք, որ տարիներ հետո կլինենք ոչ թե երեք միլիոն, այլ երեք միլիոն վերջից մեկ զրո ավելին, և կկերտենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք:
                  

Շարունակելի...

0 comments:

Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ

Post a Comment